«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Հայաստանի թեման Թուրքիայում այլևս արգելված չէ»

«Հայաստանի թեման Թուրքիայում այլևս արգելված չէ»
19.05.2009 | 00:00

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ, ԹԵ՞ ՈՉ»
«Անվտանգությունն ու համագործակցությունը Կովկասում և նրա շուրջը» միջազգային համաժողովին մասնակցում էր նաև Թուրքիայի ներկայացուցիչը` Անկարայի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ ՀՈՒՍԵԻՆ ԲԱԳՉԻՆ, ով համաժողովից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, երբ, մի կողմից, հնչում են սահմանը բացելու, մյուս կողմից` Հայաստանն ագրեսոր ճանաչելու կոչեր:
-Ես կառավարության ներկայացուցիչ չեմ և լիազորված չեմ պաշտոնական Անկարայի տեսակետը ներկայացնելու, սակայն, իմ կարծիքով` Թուրքիայի մոտեցումը հարցի լուծմանը բավականին անկեղծ է: Վերջին 18 տարիների ընթացքում, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ ավելի սառն են եղել: Վերջին մեկ տարվա ընթացքում նոր նախագահի ընտրությունից հետո Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում սկսվել է նոր փուլ, այդ հարաբերությունները ստացել են նոր որակ, ինչը շատ արդյունավետ է դիտվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Իհարկե, Թուրքիան շատ ավելի զգայուն է և միշտ էլ զգայուն է եղել այն հարցերի նկատմամբ, որոնք վերաբերել են Ադրբեջանին և հատկապես Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին: Այն գաղափարը, որ կոչվում է «Երկու երկիր, մեկ ազգ», դեռ գործում է մինչ օրս: Ամեն դեպքում, Թուրքիան շատ մանրամասն Ադրբեջանին տեղեկացնում է բոլոր առաջընթաց քայլերի մասին, որոնք տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Կարևորն այն է, որ մտածելակերպն է փոխվում, մոտեցումն է փոխվում, և սահմաններն էլ կբացվեն: Իհարկե, երբ վերադառնամ Թուրքիա, նույն կարգի խոսակցություններ ու հարցազրույցներ են լինելու ինձ հետ, և ես արդարացիորեն պատմելու եմ` ինչ տեղի է ունեցել այստեղ:
-Ձեր կարծիքով` ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը:
-Գիտե՞ք` Թուրքիայի հանրությունը շատ ավելի բաց ու ազատ է մոտենում գործընթացին, նախագահը փորձում է բոլոր հարցերը լուծել դիվանագիտորեն: Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը պետք է շատ ավելի վաղուց բացված լիներ, արդեն շատ ուշացել ենք, սակայն առաջիկայում դա տեղի կունենա: Երկու կողմերն էլ, կարծում եմ, չպետք է պահը կորցնեն, օգտագործեն այդ քայլին դիմելու հնարավորությունը: Սա իսկապես ոսկի հնարավորություն է, իսկ հնարավորությունները հնարավոր չէ պահել, պետք է օգտագործել:
-Ֆուտբոլային դիվանագիտության առումով` այժմ քայլ անելու հերթը Թուրքիայինն է: Արվելո՞ւ է այդ քայլը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով:
-Թուրքիայի կառավարությունն իսկապես շատ խիզախ քայլեր է անում, նման երկխոսությունը մի քանի տարի առաջ անհնար էր ու արգելված, այժմ իրավիճակը փոխվել է. դա է վկայում վարչապետի խոսքը Ադրբեջանում, որ նախադրյալներ են թելադրվել Հայաստանին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Դա Ադրբեջանի մոտեցումն է, սակայն միաժամանակ, և դա շատ կարևոր է, կառավարությունն այժմ նշում է, որ Թուրքիան հնարավորություն չունի այդ խնդիրն այս ձևով լուծելու: Այստեղ պետք է ընդգրկել այլ դերակատարների` Մինսկի խմբի անդամներին, ՌԴ-ին, և հիմնական հարցն էլ հետևյալն է` խաղաղություն ուզո՞ւմ եք, թե՞ ոչ։ Եթե այո, ապա սահմանը պետք է բացել: Հաշվի առնելով վերջին 20 տարվա զարգացումները, մենք նման բաց երկխոսություն դեռ չենք ունեցել: Իմ երկրում հայկական հարցը դիտվում է որպես մանրամասն քննարկումների հարց, չգիտեմ` Հայաստանում խնդիրը նույն մակարդակով քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց Հայաստանի թեման Թուրքիայում այլևս արգելված չէ: Հատկապես ավելի երիտասարդ սերունդը շատ ավելի մանրամասն քննարկում է այս հարցը: Մենք կողմ ենք ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը, շատ լրագրողներ Թուրքիայից գալիս են Հայաստան, գրքեր են տպագրում: Մենք պատրաստ ենք համագործակցության տրանսպորտի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում և գուցե պետք է սկսենք ոչ թե գլոբալ հարցերից, այլ ավելի թեթև խնդիրներից: Հունաստանի հետ հարաբերություններում էլ մենք բավականին լուրջ խնդիրներ ենք ունեցել, սակայն այս պահին չունենք: Հայաստանը պետք է հասկանա, որ Թուրքիան նախ իր նկատմամբ է սահմանափակումներ դնում, հետո միայն թելադրում Հայաստանին։ Բարի կամքը, դրական վերաբերմունքն ու քաղաքական իրողությունները տարբեր բաներ են: Թուրքիան ունի այդ կամքը, բայց քաղաքական իրողությունները թույլ չեն տալիս այն լիարժեք դրսևորել:
Ա.ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ